Երևանում անօրինական առևտրի ավելի քան 50 դեպք է արձանագրվել
Երևանի քաղաքապետարանի Առևտրի և ծառայությունների վարչության գործառույթների իրականացման շրջանակներում անցած շաբաթվա ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ 51 արձանագրություն է կազմվել՝ նախորդ շաբաթվա 44-ի համեմատ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին տեղեկացրել է Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը՝ մանրամասնելով, որ այդ թվում՝ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերը 27-ն են՝ նախորդ ժամանակահատվածի 13-ի փոխարեն։
«Առգրավել է 140 կիլոգրամ քաշով գյուղատնտեսական արտադրանք (նախորդ ժամանակահատվածում 288)։ 21 արձանագրություններ կազմվել են առևտրի և ծառայությունների ոլորտում առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար, իսկ դրան նախորդող ժամանակահատվածում՝ 11»,-հավելել է Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում առևտրի օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների իրացման 3 դեպք և կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ՝ նախորդող ժամանակահատվածի 18-ի փոխարեն։
Շաբաթվա ընթացքում վարչության կողմից հայտնաբերվել է վարչական իրավախախտման 30 դեպք և հարուցվել վարչական վարույթ՝ նախորդ ժամանակահատվածի 47-ի համեմատ։
Վարչության պետը նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթ վարչական շրջանում ապամոնտաժվել է 1 ապօրինի բենզալցակայան, որը գործում էր մանկապարտեզի և դպրոցի հարևանությամբ։
Կարծիքներ