Մասիսի նախկին ղեկավարը վատնման եղանակով ձեռք է բերել շենք-շինություններ. փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը:
«2023 թվականի ապրիլի 18-ին հսկող դատախազի կողմից Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացումը կամ վատնումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացումը, փողերի լվացումը):
Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Հ.-ն, 1999 թվականից հանդիսանալով Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ղեկավարը, 2007 թվականի դեկտեմբերի 27-ին ավագանու նիստում քննարկման է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը և Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստը նվիրատվությամբ ավագանու անդամ, «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ին հատկացնելու հարցը. նույն օրը ավագանին նշված գույքերը նվիրատվությամբ հատկացրել է Ա.Բ.-ին:
Այնուհետև, Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող վարչական շենքերը «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ի անվամբ հաշվառելու համար Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2008 թվականի փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեներում գտնվող 385 քմ մակերեսով և 244.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Ա.Բ.-ին օտարելու հարցը. նույն օրը ավագանու կողմից կայացվել է դրական որոշում: Նախաքննությամբ պարզվել է, որ 385 քմ մակերեսով հողատարածքի պայմանագրով սահմանված գումարը Ա.Բ.-ին տրամադրել է համայնքի ղեկավարը:
Արդյունքում, 48 մլն 160 հազար դրամ արժեքով գույքերը գրանցվել են ավագանու անդամ Ա.Բ.-ի անվամբ:
Այնուհետև, Ս.Հ.-ն Ա.Բ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքն իր խորհրդական Ռ.Ղ.-ի անվամբ գրանցելու վերաբերյալ՝ խոստանալով իր պաշտոնավարումը դադարելուց և գույքերն իր տիրապետման ներքո հայտնվելուց հետո դրանք վաճառել և Ա.Բ.-ին փոխանցել 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ցուցաբերած օգնության դիմաց՝ թողնել Ա.Բ.-ին:
2008 թվականի փետրվարի 28-ին ավագանու անդամ Ա.Բ.-ն իր հանցակցին՝ Մասիս համայնքի ղեկավարին, օժանդակելու նպատակով Ս.Հ.-ի պահանջով խորհրդական Ռ.Ղ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ 39 մլն 200 հազար դրամ արժողության վարչական շենքն ու հողամասն ընդամենը 1 մլն դրամով Ռ.Ղ.-ին վաճառելու վերաբերյալ:
2017 թվականի նոյեմբերի 7-ին Ս.Հ.-ն, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար, հանձնարարել է Ռ.Ղ.-ին նշված շենքն իր հողամասով և հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել իր որդուն՝ Ա.Հ.-ին և իր գործընկերոջ՝ Ար.Ս.-ի եղբայր Ալ.Ս.-ի դստերը՝ Ն.Ս.-ին:
Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 8-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ