Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Արցախի նախագահն ընդունելու է համապատասխան որոշումներ. Ավանեսյան
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի՝ ԱԺ նիստում արած հայտարարություն-առաջարկը տեղավորվում է Արցախի շուրջ և Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում, որ նախագահ Հարությունյանը ստանում է անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ընթացքում:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ արձագանքելով այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ ԱԺ լիագումար նիստում այն հայտարարությանը, որ Հանրապետության նախագահին առաջարկել է ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և դրա կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին:
Թովմասյանի խոսքով՝ եթե այդ մոդելը չաշխատի, նախագահը պետք է կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնի, կա՛մ դնի իր վստահության հանրաքվեն:
«Նշեմ, որ մայիսի 15-ից Նախագահը հանդիպում - քննարկումներ է սկսել հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Արայիկ Հարությունյանը պատրաստ է լսել Արցախի Հանրապետության ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին, քննարկել բոլոր առաջարկներն ու ծրագրերը և հուսով է, որ փոխհարգանքի մթնոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կծառայեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերին»,- նշել է Լուսինե Ավանեսյանը և ավելացրել, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Նախագահն ընդունելու է համապատասխան որոշումներ, որոնց վերաբերյալ պատշաճ կերպով կիրազեկվի հասարակությունը:
Հիշեցնենք՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հայտարարությամբ էր հանդես եկել ԱԺ հերթական նիստի ժամանակ և դիմելով Արայիկ Հարությունյանին՝ ասել. «Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն»:
Կարծիքներ