Հնդկաստանում սաստիկ շոգն ավելի քան 50 մարդու կյանք է խլել
Հնդկաստանում վերջին երեք օրերի ընթացքում սաստիկ շոգերի պատճառով ավելի քան 50 մարդ է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
33 մարդ մահացել է հյուսիսային Ուտար Պրադեշի նահանգում։ Նրանց թվում են նաև երկրում անցկացված համընդհանուր ընտրություններում ներգրավված անձինք՝ ընտրատեղամասերի աշխատակիցներ, անվտանգության աշխատակիցներ, սանիտարական անձնակազմի անդամներ։ Կառավարությունը խոստացել է ընտրական գործընթացի մահացած մասնակիցների ընտանիքներին տրամադրել 18 000-ական ԱՄՆ դոլարի չափով դրամական փոխհատուցում։
Շոգի պատճառով 20 մարդու մահ է հաստատվել Օդիշայի նահանգում։
Իր հերթին Դաշնային առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 1-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 56 մարդ է մահացել ջերմային հարվածի պատճառով։ Ջերմային հարված ստացած մարդկանց ընդհանուր թիվը շուրջ 25 000 է։
Այնուամենայնիվ, ըստ BBC-ի, երկրի տարբեր հատվածներից ստացվող տվյալները վկայում են այն մասին, որ տապից մահացածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
Օդիշայում հաստատված 20 մահվան դեպքից բացի, ըստ տեղի իշխանությունների, հնարավոր է, որ ևս 99-ի դեպքում մահվան պատճառ է եղել շոգը։
Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական հատվածներում վերջին երկու շաբաթներին սաստիկ շոգեր են․ օդի ջերմաստիճանը տատանվում է ըստ Ցելսիուսի 45-46 աստիճանի սահմաններում՝ երբեմն հասնելով նաև 50 աստիճանի։ Երկրի օդերևութաբանական վարչությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է նվազել կանխատեսվող մուսսոնի շնորհիվ։
Կարծիքներ