Արտադպրոցական հաստատության մանկավարժի 1 դրույքաչափը սահմանվել է շաբաթական 20 ժամ
ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման փոփոխությունը :
Ըստ այդմ՝ արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների։ Վերջիններիս աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով։
Նշենք, որ գործող որոշմամբ՝ արտադպրոցական ուսհաստատություններում մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 24 ժամ, որը, ըստ էության, համարժեք է 1 դրույքի։ Հարկ է նկատել, որ գործող որոշման համապատասխան կետն իրականում կարգավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսհաստատություններում և հատուկ կամ մասնագիտացված ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը։
Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցների, ակումբների, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների և տուրիստական կայանների, մարզադպրոցների, առողջարարական ճամբարների և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով։
Հետևաբար, արտադպրոցական ուսհաստատություններում մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածության համար անհրաժեշտ է ապահովել մեկ միասնական մոտեցում՝ հստակ սահմանելով 1 դրույքաչափի համար նախատեսված ծանրաբեռնվածությունը, որն ուղիղ կապ ունի նաև նրանց վարձատրության և աշխատանքի պատշաճ կազմակերպման հետ։
Այսպիսով՝ ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։
Հավելենք, որ ըստ վիճակագրության՝ 2021/2022 ուստարում հանրապետությունում գործել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը՝ Երևանում, մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում:
2021/2022 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել են 5099 ուսուցիչներ (76.8%-ը՝ կանայք), որոնց 42.6%-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն:
Կարծիքներ