Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները. ընտրատեղամասերը բացվել են

Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները. ընտրատեղամասերը բացվել են

Երևանում մեկնարկել է ընտրական օրը: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: 

Երևանում ընտրական իրավունք ունեցողների թիվը 824.250 է։

 

Ավագանու ընտրությունների անցկացման համար կազմավորված է 475 ընտրատեղամաս։ Դրանցից 183-ը մատչելի են։ 

 

Ընտրական բոլոր տեղամասերում փակցված են ընտրողների համար պատրաստված քվեարկության կարգը պարզաբանող պաստառներ, որոնք հինգ քայլերի միջոցով բացատրում են, թե ինչ պետք է կատարեն ընտրողները տեղամաս մուտք գործելուց հետո:

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում:

Քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը հեռարձակվելու է առցանց Երևանի բոլոր՝ 475 տեղամասային կենտրոններից՝ իրական ժամանակում, որին յուրաքանչյուր ոք կարող է հետևել նույնիսկ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով:

Ժամը 20։00-ից հետո կարելի է հետևել քվեարկության արդյունքներն ամփոփելու գործընթացին։

Երանի ավագանու ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք։

Ընտրապայքարի մասնակից ուժերն են՝

«Հանրային ձայն» կուսակցություն,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,

«Արդար Հայաստան» կուսակցություն,

«Հաղթանակ» կուսակցություն,

«Ուժը հայրենյաց» կուսակցություն,

Հայաստանի Եվրոպական կուսակցություն,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն,

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,

«Հանրապետություն» կուսակցություն,

«Միացյալ Հայաստան» կուսակցություն,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,

«Ապրելու երկիր» կուսակցություն,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ):

Երևանի ավագանու հերթական ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է 3 տեղական, 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Այս ուժերի համամասնական ցուցակները գլխավորող անձինք համարվում են Երևանի քաղաքապետի թեկնածուներ: Մանդատների բացարձակ մեծամասնությունը ստացած կուսակցության կամ դաշինքի թեկնածուն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երևանի քաղաքապետ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում