ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
ՆԱՏՕ-ն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ը Հունաստանում նախատեսում է անցկացնել «Ramstein Flag 24» անվանումով բարդ, բազմապլան տակտիկական զորավարժությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է UK Defence Journal-ը, դաշինքի օդուժի զորավարժությունների պորտֆելի այս վերջին լրացումը նպատակ ունի ամրապնդել օդային, ծովային և ցամաքային պաշտպանության մարտավարությունը դաշնակից 13 երկրների միջև:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ՆԱՏՕ-ից պարզաբանել են, որ «Ramstein Flag 24»-ը նախատեսված է իրատեսական և բարդ գործառնական մարտահրավերներին դիմակայելու համար՝ արտացոլելով ՆԱՏՕ-ի հանձնառությունը զարգացնելու զորավարժությունների ռեժիմը՝ ի պատասխան փոփոխվող աշխարհաքաղաքական լարվածության:
Զորավարժությանը կմասնակցեն դաշնակից երկրների ավելի քան 140 ինքնաթիռ, ներառյալ՝ կործանիչներ և օժանդակ ստորաբաժանումներ, ռազմածովային, ցամաքային և հատուկ գործողությունների ուժեր:
Ramstein Flag 24-ը ոչ միայն փորձարկելու է հակաօդային պաշտպանության մարտավարական միջոցները, այլև թույլ է տալու ՆԱՏՕ-ի երկրներին կատարելագործել հակահրթիռային պաշտպանության ռազմավարությունը:
Ըստ աղբյուրի՝ այս զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել համագործակցությունը, փոխգործակցությունը և ինտեգրումը ՆԱՏՕ-ի անդամների միջև՝ ցույց տալով դաշինքի վճռականությունն ու կարողությունը՝ զսպելու և պաշտպանվելու հավանական հակառակորդներից՝ համակարգված բազմաբնույթ գործողությունների միջոցով:
Կարծիքներ