Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը դեղատների և բուժհաստատությունների վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում․ Ավետ Մանուկյան

Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը դեղատների և բուժհաստատությունների վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում․ Ավետ Մանուկյան

470 անուն դեղ՝ hակաբիոտիկներ, հակասնկային, հակավիրուսային դեղամիջոցներ, մարտի 1-ից վաճառվում են  էլեկտրոնային դեղատոմսերով։ Կարգն ուժի մեջ է մտել, բայց տեղեկություններ կան, որ ոչ բոլոր դեղատներն են պատրաստ կամ նույնիսկ կան դեղատներ, որ միացած չեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին, չեն կարող տեսնել դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը: 

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։  

-Մարտի 1-ից 470 անուն դեղ՝ hակաբիոտիկներ, հակասնկային, հակավիրուսային դեղամիջոցներ վաճառվում են  էլեկտրոնային դեղատոմսերով։ Կարգն ուժի մեջ է մտել, բայց տեղեկություններ կան, որ ոչ բոլոր դեղատներն են պատրաստ, կամ անգամ կան դեղատներ, որ միացած չեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին,  չեն կարող տեսնել դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը: Այս  երկու-երեք օրվա ընթացքում  ի՞նչ խնդիրներ եք  ձեր մասով արձանագրել, և ինչո՞ւ մինչև կարգն ուժի մեջ մտնելը միացումները չեն ապահովվել:

-  ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով   ծանուցվել են և կազմակերպվել բազմաթիվ թրեյնինգներ, գործընթացի ներդրման և դեղատների կողմից մինչև մարտի 1-ը ԱՐՄԵԴ-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը:  Բայց  չնայած դրան՝ միայն մարտի 1-ին և մարտի  2 -ին ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը լրացուցիչ  հայտեր է ստացել ավելի քան 500  դեղատնից: Ընդ որում,  օրենքի պահանջ է նաև, որ  դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձինք, լիցենզիա ստանալուց հետո, պետք է միանան ԱՐՄԵԴ համակարգին:

Բայց բնական է, իհարկե, որ ցանկացած նոր համակարգի ներդրման սկիզբը ցույց է տալիս խնդիրներն ու բացթողումները: Կարևոր է դրանց արձագանքելն ու ժամանակին լուծումներ տալը: Հիմա մեր թիմն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, որպեսզի ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում սպասարկվեն, և քաղաքացիները դեղատներում սպասարկվելու խնդիր չունենան:

-Մամուլում հրապարակում եղավ, թե ԱՐՄԵԴ համակարգին միանալը կարող է լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն առաջացնել դեղատների համար: Կա՞ նման բան:

- Էլեկտրոնային դեղատոմսերի  ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Այդ  անանուն աղբյուրներին հղումներով  հրապարակումները իրականությանը բացարձակապես  չեն համապատասխանում և հավանաբար այլ նպատակներ են հետապնդում: Դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումը  իրականացվում է անվճար:

-Հիմա ի՞նչ պետք է անեն այն դեղատները, որոնք դեռ միացած չեն ԱՐՄԵԴ համակարգին: Եվ այս իրավիճակում կա՞  արդյոք դժվարություն մարզային դեղատների համար:

-Առողջապահության նախարարության կողմից ուղարկված ուղեցույցերում , որքանով տեղյակ եմ, նշված է քայլերի հաջորդականությունը: Եթե դեռևս կան դեղատներ, որոնք միացած չեն, պետք է, ինչպես մյուսները,  հայտ ներկայացնեն՝ ԱՐՄԵԴ-ին միանալու համար, և մենք փորձելու ենք հնարավորինս արագ ապահովել։

Էլեկտրոնային  դեղատոմսերով  աշխատելու համար դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածություն ևս չի ավելանում՝ կապ չունի մարզային, թե մայրաքաղաքային դեղատներ են: Դեղատներում համակարգչի  և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում