Հայկական գինու առանձնահատկությունը պայմանավորված է Հայաստանում այդ մշակույթի դարավոր առկայությամբ. Աթենքում ներկայացվել են հայկական խմիչքները

Հայկական գինու առանձնահատկությունը պայմանավորված է Հայաստանում այդ մշակույթի դարավոր առկայությամբ. Աթենքում ներկայացվել են հայկական խմիչքները

Հունաստանում ՀՀ դեսպանության և «Quality Wines» հայկական խմիչքների և զովացուցիչ ըմպելիքների ներկրող ընկերության կազմակերպմամբ մայիսի 18-ին Աթենքի Մարիոտ հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հայկական խմիչքների ներկայացման և համտեսման երեկո՝ ներառելով հայկական գինու, կոնյակի, գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, երեկոյին ներկա էին Հունաստանի գործադիր, օրենսդիր մարմիների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում գինեգործության ոլորտի մասնագետներ, գործարարներ, գաստրոնոմիայի բնագավառում մասնագիտացված լրագրողներ և անհատներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը;

«Մեր օրերում գինեգործությունը վերածնունդ է ապրում Հայաստանում։ Հայկական գինու առանձնահատկությունը պայմանավորված է Հայաստանում այդ մշակույթի դարավոր առկայությամբ, բայց նաև այն հանգամանքի առկայությամբ, ինչը ֆրանսիացիներն անվանում են terroir, այսինքն՝ բնական միջավայրի գործոնով:

Բացի այդ, կարևոր նշանակություն ունի սփյուռքահայ ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում գինեգործության զարգացման գործում, այդ թվում՝ Հայաստանում միջազգային փորձի ներդրմամբ: Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ աշխարհի լավագույն գինեգործության վերաբերյալ ամսագրերը լի են մեր օրերում հայկական գինու մատուցած բարձր որակի իրական գնահատմամբ»- ասել է Տիգրան Մկրտչյանը;

Դեսպանը, հղում անելով հին հունական աղբյուրներին և հնագիտական հետազոտություններին, նշել է, որ Հին Հայաստանում հազարամյակներ առաջ են առկա եղել գինեգործությունը և գարեջրագործությունը:

Այնուհետև դեսպան Մկրտչյանը պատմական ակնարկ է արել հայկական լեգենդար կոնյակի պատմությանը՝ ընդգծելով դրա միջազգային մեծ վարկանիշը և արձանագրած հաջողությունները:

Դեսպանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ «Quality Wines» ընկերությունը, չնայած բոլոր դժվարություններին և ժամանակակից մարտահրավերներին, մեծ ջանքեր է գործադրում որպեսզի հայկական լեգենդար Արարատ կոնյակը, 70 տարատեսակ հայկական գինու, գարեջրի, մրգային օղու, հանքային ջրի և հայկական քաղցրավենիքի տեսականիները միշտ ներկայացված լինեն հունական և կիպրական շուկաներում՝ միաժամանակ ընդարձակելով ներկրվող տեսականին:

Խոսքով հանդես է եկել նաև «Quality Wines» ընկերության հիմնադիր տնօրեն Դանիել Ապիկյանը՝ ներկայացնելով ընկերության 15 տարվա գործունեության համառոտ նկարագիրը, հեռանկարները; Նա ընդգծել է նշյալ հայկական ապրանքատեսականիների որակն ու առանձնահատկությունը:

Երեկոն ընթացել է ջազային երաժշտության ներքո` հունահայ երգչուհի Նեվի Ցուկալայի կատարումներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում