Ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, սա կարևոր դիվանագիտական հաջողություն է. Ռուբեն Ռուբինյան

Ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, սա կարևոր դիվանագիտական հաջողություն է. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. 

«Մոսկվայում այսօր ստորագրվեց հայտարարություն, համաձայն որի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով ստեղծվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ։
 

Ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրա իրականացման դեպքում կվերականգնվի նաև մեր երկաթուղային կապը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կարող է ստեղծել մեզ համար։
 

Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս հայտարարության մեջ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը որևէ կերպ առանձնացված չէ։ Այսինքն՝ այս հայտարարությամբ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման օրակարգը հստակ ֆիքսվում է որպես մեկ ամբողջություն՝ մեկ համատեքստում։ Սա կարևոր դիվանագիտական հաջողություն է:

Հուսով եմ՝ սա նաև վերջ կդնի մեր քաղաքական դաշտում Սյունիքի կամ Մեղրիի վերաբերյալ տարածվող մանիպուլյացիաներին։

Եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների շուտափույթ փոխանակման հարցը։ Թեև կոնկրետ արդյունքի այս առումով այսօր հնարավոր չի եղել հասնել, հարցը շարունակում է մնալ հայկական կողմի կարևորագույն օրակարգային խնդիրը։ Ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում