Հոգեկան առողջությունը` առողջապահության նախարարության առաջնահերթություն. կնքվել է հուշագիր

Հոգեկան առողջությունը` առողջապահության նախարարության առաջնահերթություն. կնքվել է հուշագիր

Հոգեկան առողջության ոլորտի շարունակական զարգացում, հասանելի, մատչելի, արդիական, բարձր որակի ծառայությունների տրամադրում. այս ամենն ապահովելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ` ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: 

Նպատակը` Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն առողջության առաջնային պահպանման օղակում ինտեգրելը: 
Հոգեկան առողջության խնդիրները կառավարության հոգածության ներքո են, պետական աջակցությունը վերջին տարիներին այս ոլորտի լուրջ առաջընթացի խթանիչ ուժն է դարձել: Հոգեկան առողջությունն ու ընդհանրապես այս ոլորտի հետ կապված խնդիրները նաև վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում են: Վերջինս մասնակցել է հուշագրի կնքման հանդիսավոր արարողությանը: Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին իր ներկայությամբ աշխատանքի կարևորությունն ընդգծելու համար: 

«Հոգեկան բարեկեցությունը յուրաքանչյուրիս կյանքի որակի հիմնաքարն է. այս գիտակցումով էլ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կոալիցիայի ստեղծումը, որը կնպաստի պետական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժի ամբողջական և լիարժեք ներգրավմանը, իսկ արդյունավետ և շարունակական գործակցությունը թույլ կտա դիմակայելու հոգեկան առողջության մարտահրավերներին»,-բացման խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը: 


Նախարարի խոսքով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պիտակավորումը հաճախ արգելքներ է ստեղծում մարդկանց համար՝ դիմելու մասնագետին: Իսկ վաղ դիմելիությունն օգնում է կանխարգելել հաշմանդամությունը, լուրջ խնդիրների առաջացման ռիսկը: 


«Վստահեցնում եմ, որ ԱՀԿ-ն ցանկացած հնարավոր միջոցներով կաջակցի հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, համայնքային մակարդակում հոգեկան առողջության արդյունավետ ծառայությունների զարգացմանը, խարանի նվազեցմանը, ճշգրիտ տվյալների հավաքագրմանը, ինչպես նաև մարդու իրավունքների խթանմանն ու գենդերային հավասարությանը նպաստող հոգեկան առողջության ծառայությունների բարեփոխումների խթանմանը»,- ասել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան։ 
Հոգեկան առողջության ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալով` Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշել է, որ «Պետության և մասնագիտական, հասարակական շրջանակների կարևորագույն խնդիրներից պետք է լինի արտաքին հոգեբանական ազդեցությունների չեզոքացումը` հոգեսոցիալական աջակցությունը և բնակչության հոգեկրթվածության բարձրացումը»: 


Հուշագրի կնքումը միայն առաջին քայլն է, դրանից բխում է մի շարք խնդիրների համակարգային լուծում. շուտով կիրականացվի ծառայությունների քարտեզագրում, ոլորտին վերաբերող նյութերի տեղայնացում, էլեկտրոնային գրադարանի և ծրագրերի քննարկման հարթակի ստեղծում: Այդպիսով` կկարողանանք նպաստել ոլորտի արդյունավետ զարգացմանը, դրան ուղղված նախաձեռնությունների ու միջոցառումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում