Լույսի և հույսի նոր ալիք Արցախի համար. Դանիել Դեքերը ներկայացրել է «Իմ Արցախ» երգի հոլովակը
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը թե՛ երգերով, թե՛ համերգներով և թե՛ հարցազրույցներով բազմիցս խոսել է հայերի, Հայաստանի և Արցախի հանդեպ սիրո մասին, երաժշտասերներին է ներկայացրել «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը: Երգչի համոզմամբ՝ այն կարող է լույսի և հույսի նոր ալիք դառնալ Արցախի համար:
Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումն իրականացրել է Գևորգ Մանասյանը: Կատարում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:
«Իմ Արցախ» երգի և 2017 թվականին Շուշիում կայացած համանուն համերգի մասին պատրաստվել է փոքրիկ ֆիլմ-ռեպորտաժ, որում Հասմիկ Հախվերդյանը պատմում է, որ երգն ստեղծվել է 2017 թվականին, երբ Արցախի շուրջ մեծ ոգևորություն կար և պետք է մեծ համերգային ծրագիր կազմակերպվեր՝ նվիրված Արցախի անկախությանը: Նրա խոսքով՝ այդ ոգևորությունից էր, որ շատ կարճ ժամանակում ծնվել է «Իմ Արցախ» ստեղծագործությունը:
«Այսօր և՛ հպարտությամբ, և՛ մեծ ցավով ենք հիշում համերգը: Փաստորեն, երգի պրեմիերան տեղի է ունեցել Շուշիում: Երգը հերոսական պատում է և ունի լուսավոր սպասումներ»,-նշում է նա:
«Ինձ համար այս երգը հատուկ նշանակություն ունի, քանի որ համերգասրահը, որը Շուշիի երիտասարդական կենտրոնն էր, քանդվեց ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածներից: Մենք այս երգը նվիրում ենք Շուշիին և Արցախի հերոսներին»,-ասում է Դանիել Դեքերն ու հավելում, որ հպարտ է լինել Հայաստանում և աջակցում է Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին:
Կարծիքներ