Կիևում ուղիղ եթերի ժամանակ հարձակվել են լրագրողի վրա
Կիևում անհայտ անձը ուղիղ եթերում հարձակվել է Kyiv Live հեռուստաընկերության լրագրողի վրա, որը խմբագրության հանձնարարությամբ փորձում էր պարզել, թե ինչու մետրոյի «Վիդուբիչի» կայարանի մոտ գտնվող կրպակատերերը աղ չեն ցանել սառույցը հալեցնելու համար՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ ալիքի՝ բարելավման կանոնների համաձայն՝ ձեռնարկատերը պետք է մաքրի խանութի հարակից տարածքը 10 մետր շառավղով: Սակայն մետրոյի «Վիդուբիչի» կայարանի հարակից տաղավարների կողքին աղբ է կուտակված եղել, սառույցն էլ ծածկված չի եղել աղով կամ ավազով:
Ռեպորտաժը նկարահանելիս էլ անհայտ տղամարդը սկսել է ծեծել լրագրողին: Վիրավորվել է նաև օպերատորը: Հեռուստաալիքի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն և պատրաստվում են բողոք ներկայացնել հարձակվողի դեմ:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան Կիևում սկսել է անձրև տեղալ, և ցածր ջերմաստիճանի պատճառով ճանապարհներին ու մայթերին անմիջապես սառույց է գոյացել: Ըստ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ մեկ օրում Ուկրաինայի մայրաքաղաքի ավելի քան հազար բնակիչ քաղաքի փողոցներում մերկասառույցի պատճառով ստացած տարբեր կոտրվածքներով դիմել է շտապօգնության ծառայություն:
Կարծիքներ