Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանդիպել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետի հետ
Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է Նիժնի Նովգորոդ՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին:
Այցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետի հետ, քննարկել երկու քաղաքների միջև համագործակցության մեկնարկի հետ կապված հարցեր: Յուրի Շալաբաևն ընդգծել է, որ Երևանի և Նիժնի Նովգորոդի միջև հնարավոր են փոխգործակցության բազմաթիվ ուղղություններ.
«Հայկական մշակույթը աշխարհի հնագույններից մեկն է, Երևանն էլ նշել է 2800- ամյակը: Նիժնի Նովգորոդը ևս ունի հարուստ մշակույթ և ավանդույթներ: Մենք կարող ենք համագործակցել բազմաթիվ ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, սոցիալական քաղաքականություն, սպորտ, տնտեսական հարաբերություններ: Հուսով ենք՝ հետագայում կկարողանանք ստորագրել բարեկամական հարաբերություններ հաստատելու համաձայնագիր և կշարունակենք մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակում»:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է, որ երկու քաղաքների միջև կա փոխադարձ ըմբռնում և ցանկություն գործընկերական կապեր հաստատելու ուղղությամբ:
«Մենք մեծ հաճույքով ընդունեցինք հրավերը՝ մասնակցելու Նիժնի Նովգորոդի օրվան նվիրված միջոցառումներին: Սա նաև լավ հարթակ է՝ քննարկելու հնարավոր գործակցության ուղղությունները: Վստահ եմ, բացի հումանիտար և մշակութային ոլորտներից, հեռանկարային են սոցիալական, առևտրատնտեսական բնագավառներում համատեղ ծրագրերը, նաև երիտասարդության միջև կապերի ամրապնդումը»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Կողմերը պայմանավորվել են իրատեսական ուղղություններով համագործակցություն հաստատելու նպատակով նախապատրաստել համապատասխան համաձայնագրի նախագիծ:
Կարծիքներ