Հայաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մեծ հնարավորություն է տեսնում

Հայաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մեծ հնարավորություն է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն է տեսնում․ ըստ նրա՝ հնարավորությունը մեծացել է այն բանից հետո, երբ Հայաստանը մարդկային կերպով արձագանքեց Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անդրադառնալով՝ Փաշինյանն արձանագրեց. «Մեր երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա: Եվ այդ հնարավորությունը մեծացել է, երբ մենք որոշեցինք մարդկային, հարևանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին: Եվ Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները հենց ճիշտ այդպես էլ ընկալեցին ու ընդունեցին»:

Վարչապետն ասաց, որ Թուրքիա փրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէին կայացնի, եթե չփոխեին պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու դիտանկյունն այս ժամանակահատվածում: Թուրքիան էլ Մարգարայի կամուրջը բեռների ու փրկարարական ջոկատի համար չէր բացի, եթե չհավատար Հայաստանի անկեղծությանը:

«Եվ արտգործնախարար Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չէին, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը: Հայաստանի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների ու աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա: Եվ ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանն իրոք կբացվի և հիմք կստեղծի հարևանային բնականոն հարաբերությունների զարգացման համար»,-ասաց Փաշինյանը:

Նա այս առումով չափազանց կարևորեց, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի:  Ըստ Փաշինյանի՝ դա կարող է նաև տեղի չունենալ, եթե հումանիտար և հարևանային արժեքների բերած նոր ընկալումները, տպավորությունները ժամանակի ընթացքում սառեն, խամրեն և քաղաքական, դիվանագիտական որոշումների վրա դրանց ազդեցությունն ի չիքդառնա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում