Հայաստանն ակնկալում է Չեխիայի աջակցությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում. Ալեն Սիմոնյան
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած՝ Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ լրատվամիջոցների խնդիրներով մտահոգ չեխ գործընկերներն են այսօր Հայաստանում՝ նշելով, որ մեր երկրի իշխանության տարբեր թևերի ղեկավարներից շատերը մեդիաոլորտից են: Նա հիշեցրել է նաև իր նախկին մեդիագործունեությունը՝ շեշտելով, որ խոսքի և մամուլի ազատությունը մեր երկրի առաջնահերթություններից են:
Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների միջև վերջին տարիներին բավականին ակտիվ համագործակցության համար: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովային հրավիրել է Հայաստան:
Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի Ազգային ժողովում և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդում նախագահությունը` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում:
Նա կարևոր է համարել չեխական կողմի նախագահության շրջանակում Արևելյան գործընկերության ծրագրի ակտիվացումը, քանի որ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության հետևանքով նկատվում է դրա ապաինտեգրում: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ոչ միայն Եվրոպական միության, այլև անդամ երկրների, մասնավորապես, Չեխիայի հետ համագործակցության խորացման համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին: Հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակման արդյունքում ՀՀ ԱԺ նախագահը դրանց շուտափույթ լուծման համար խնդրել է չեխ գործընկերների աջակցությունը:
Կարծիքներ