Հաագայում Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներն ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը
Ապրիլի 20-ին Հաագայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
Համերգը կազմակերպել է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ Հայաստանի դեսպանության հովանու ներքո։
Համերգին ներկա են եղել Նիդերլանդների խորհրդարանի և ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների և դեսպանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ այդ ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու:
Ելույթով հանդես են եկել նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը Նիդերլանդներում հայ համայնքի կողքին կանգնելու համար։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև խորհրդարանականներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած ավանդի համար և հույս հայտնել, որ Նիդերլանդների կառավարությունը ևս մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Դեսպանի ամբողջական ելույթը հասանելի է դեսպանության կայքում` հետևյալ հղումով. https://netherlands.mfa.am/hy/:
Հիշատակի երեկոն ավարտվել է «Zwarte Zee» հնգյակի կողմից հայ անվանի երգահանների ստեղծագործությունների կատարումներով։
Կարծիքներ