Մարտունու ծննդատունը համալրվել է ժամանակակից բուժսարքավորումներով
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծննդատունը 2021 թվականի աշխատանքային տարին փակել է որոշակի ձեռքբերումներով՝վերազինվելով ժամանակակից բուժսարքավորումներով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, 2021 թվականի ընթացքում, կապված COVID-19 համավարակի հետ, «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ-ում առանձնացվել է նոր ծնարան: Ամբողջովին վերակառուցվել է թափոնների պահպանման շղթան: Ձեռք են բերվել նոր սառնարաններ: Թարմացվել են բուժգործիքները 20-30 տոկոսով: Ամբողջությամբ վերանորոգվել է լաբորատոր բաժանմունքը: Ձեռք է բերվել գերժամանակակից սարքավորումներ, ինչպես նաեւ բազմաֆունկցիոնալ մահճակալներ:
«Ձեռք են բերվել ժամանակակից մանրէազերծման սարքավորումներ: Մարտունու ծննդատունն արդեն ունի անհրաժեշտ եւ ժամանակակից սարքավորումների մոտ 95 տոկոս հագեցվածություն: Ծննդատան միջոցների հաշվին նախորդ տարեվերջին ձեռք է բերվել ավելի քան 5 միլիոն դրամի գույք եւ անհրաժեշտ սարքավորումներ:
Բժշկական սարքավորումների համալրման հարցում Մարտունու ծննդատանն աջակցել է «Երեւանի Ռոտարի ակումբ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ նվիրելով ավելի քան 19 միլիոն դրամի գույք, լաբորատոր բազմաֆունկցիոնալ եւ ժամանակակից սարքավորումներ: Նշված սարքավորումներն օգտագործելու նպատակով բուժաշխատողներն անցել են մասնագիտական վերապատրաստումներ: Մարտունու ծննդատանը ստեղծված տեխնիկական հնարավորությունների շնորհիվ մեր բուժհաստատություն դիմած քաղաքացիները տեղում կարող են ենթարկվել տարատեսակ հետազոտությունների եւ ստանալ համապատասխան ախտորոշում»,-ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը։
2021 թվականին Մարտունու ծննդատանը գրանցվել է 922 ծնունդ։
Կարծիքներ