Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը. Մակրոնը՝ ՀՀ նախագահին

Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը. Մակրոնը՝ ՀՀ նախագահին

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։
 
Ուղերձում մասնավորապես նշվում է.
 
«Այսօր ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունը պարտավորեցնում է շարունակել պայքարն ատելության և բռնության դեմ, ինչպես, ցավալիորեն, այդ մասին մեզ հիշեցնում են եվրոպական մայրցամաքում ներկայումս ծավալվող իրադարձությունները: Ահա թե ինչու 2019 թ. հանրապետական օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
 
Այս արժանահիշատակ ամսաթիվը նաև հիշեցնում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը և ոմանց երբեմն զոհողության հասնող հանձնառությունը՝ ի սպաս բոլորի:
 
Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը: Հանուն արդարության և պատմական ճշմարտության՝ այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է:
 
Ահա թե ինչու Ցեղասպանության ժխտումը պետք է անխոնջ կանխել մասնավորապես դպրոցական միջավայրում: Եվրոպական մակարդակով մշակում ենք իրավական գործիքներ՝ համացանցում զսպելու ատելության խոսքը: Եվրոպական միության խորհրդում մեր նախագահությունը հնարավորություն է մեր եվրոպացի գործընկերների հետ ավարտին հասցնելու թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը:
 
Ոգեկոչման այս տխուր օրը մենք նայում ենք նաև դեպի ապագան: Այս օրը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, որի վառ ապացույցն է Ծիծեռնակաբերդում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրը:
 
Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան կշարունակի լինել Հայաստանի կողքին՝ սատարելու վերջինիս ժողովրդավարական գործընթացին և տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերին: Դուք լավ գիտեք, թե որքան եմ կարևորում բոլոր մակարդակներում մեր կապերի ամրապնդումը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում