ՇՄ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին կից կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։
Նիստին մասնակցել են փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 894 – Ա որոշմամբ հաստատված գերատեսչություններից ներկայացուցիչներ։
Նիստը վարել է շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, ով ներկայացրել է կլիմայական քաղաքականության ոլորտի իրավական շրջանակի, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառությունների, կատարված և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։
Նիստին քննարկվել են նաև աշխատակարգի հետ կապված հարցեր և նախանշվել են խմբի գործունեության հետագա քայլերը։
Մասնակիցների ձայների մեծամասնությամբ Նոնա Բուդոյանը ընտրվել է որպես աշխատանքային խմբի ղեկավար։
Հանդիպման ավարտին մասնակիցները դիտել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակումպատրաստված հոլովակ։
Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանն ընտրված վեց թիրախային ոլորտներում՝ այդ թվում գյուղատնտեսության ոլորտում, կլիմայի փոփոխության առկա ռիսկերի, խոցելիության և կիրառելի հարմարվողականության միջոցառումների բացահայտման, ինչպես նաև ազգային և մարզային մակարդակներով հարմարվողականության պլանների մշակման գործընթացներում:
Կարծիքներ