Տոկաևը ողջունել է Ալմա-Աթայում բանակցություններ անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ալմա-Աթայիշում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ Երևանի և Բաքվի համաձայնությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Տոկաևի հայտարարությունը հրապարակվել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում:
«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտաքին գործերի նախարարների բանակցությունների վերաբերյալ»,–նշել է Տոկաևը:
Ղազախստանի նախագահը խորհրդանշական է համարել, որ այս կարևոր իրադարձությունը տեղի կունենա Ալմա-Աթայում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը, որով ամրագրվել են ԱՊՀ երկրների անկախ զարգացման և միջպետական սահմանների հստակեցման սկզբունքները։
Ըստ Տոկաևի՝ առաջիկա հանդիպումը կծառայի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը։
Կարծիքներ