Հուլիսի 2-ին ՀՀ-ում մեկնարկում են ընդունելության միասնական քննությունները. նախարար
Հուլիսի 2-ին Հայաստանում մեկնարկում են բուհեր ընդունելության միասնական քննությունները: Առաջիկա միջոցառման մանրամանսերը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Ըստ նախարարի՝ իրենք գերատեսչությունում շատ լուրջ են մոտեցել քննությունների անցկացմանը: Վաղը դիմորդներին կընդունի 47 քննական կենտրոն՝ 17-ը՝ Երեւանում, 30-ը՝ մարզերում: Միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է: «Այս օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը: Ես ուզում եմ խնդրել ծնողներին զերծ մնալ քննական կենտրոնների դիմաց հավաքվելուց: Վստահ եմ, որ երեխաներն ինքնուրույն տեղ կհասնեն։ Եթե դա հնարավոր չէ, թող երեխային մի մարդ ուղեկցի եւ, տեղ հասցնելով, հեռանա»,- նշեց Հարությունյանը:
Նախարարն ընդգծեց որ նախարարությունը սերտ համագործակցում է ոստիկանության եւ մարզային ղեկավարության հետ: «Բոլոր կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստվել են: Քննություններից առաջ ներկայացուցիչները կախտահանեն սենյակները: Սոցիալական հեռավորությունը պահպանված է։ Մուտքի մոտ երեխաների ջերմաստիճանը կչափվի: Ներկա կլինեն բուժանձնակազմ եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Ամենակարեւորը կուտակումներ թույլ չտալն է քննական կենտրոնների մոտ»,- եզրափակեց Հարությունյանը:
Կարծիքներ