ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների շրջանակին, ինչպես նաև տնտեսական մրցակցությանն պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:
«Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունք և միևնույն ժամանակ դրա ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալ է: Այնուամենայնիվ, ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Նշված երկու հիմնադրույթների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի կայացմանը:
Այս համատեքստում բարենպաստ մրցակցային միջավայրի կառուցումն այն հիմնական ուղիներից մեկն է, որով պետությունը կարող է բարձրացնել ընդհանուր տնտեսական բարեկեցությունը։ Ընդ որում, այս խնդրի լուծումը պահանջում է տարաբնույթ նախադրյալների, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների կանխարգելման և խափանման գործուն համակարգի առկայություն։
Մրցակցային միջավայրը խաթարող հակաիրավական արարքների առնչությամբ արգելքներ ամրագրված են ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենսդրական մակարդակում։ Մասնավորապես՝ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասը արգելում է շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, ընդլայնելով հիշատակված արարքների շրջանակը, սահմանել է նաև մի շարք այլ իրավախախտումներ։ Ընդ որում, դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հիմքում ունենալով իրավախախտման հետևանքով մրցակցային միջավայրի վրա անմիջական ազդեցության կամ դրա հնարավորության առկայության կամ բացակայության չափանիշը։
Շարադրվածի հաշվառմամբ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների առաջին խմբին կարելի է դասել.
_հակամրցակցային համաձայնությունները.
_մենաշնորհ և գերիշխող դիրքի չարաշահումը.
_բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը.
_անբարեխիղճ մրցակցությունը.
_պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը.
_տնտեսական գործունեության համակարգումը.
_համակենտրոնացումը չհայտարարագրելը.
_արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը։
Ի տարբերություն հիշատակված իրավախախտումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը նախատեսում է որոշակի հակաիրավական արարքներ, որոնք ինքին չեն հանգեցնում տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:
Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների այս խումբը դրսևորվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող վարչարարության կամ դրա արդյունքների իրականացմանը տարբեր ձևերով խոչընդոտելու միջոցով։ Ըստ այդմ, այդպիսի իրավախախտումներն են՝
_Հանձնաժողովի կողմից պահանջված կամ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը.
_Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը.
_Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները չկատարելը։
Հարկ է նշել, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ մրցակցային իրավունքի, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ թե՛ տնտեսավարող սուբյեկտների, թե՛ պետական մարմինների և թե՛ ընդհանրապես հասարակության շրջանում առկա է իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն։
Մյուս կողմից, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ենթարկվելով զգալի փոփոխությունների: Այս օրենքն ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսի 31-ին։ Ընդ որում, այդ օրվանից Հանձնաժողովը կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այսինքն՝ տեղի կունենա նաև Հանձնաժողովի անվանման փոփոխություն։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը, ի լրումն պարբերաբար իրականացվող իրազեկման տարբեր միջոցառումների, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ այսուհետ հանդես կգա նաև հրապարակումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ