Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը
2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում : Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում՝ ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:
Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022 թվականին մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար»,-ասաց Փաշինյանը:
Կարծիքներ