ԵՄ-ն հաստատել է 14.2 միլիոն եվրո դրամաշնորհի փոխանցումը Հայաստանին

ԵՄ-ն հաստատել է 14.2 միլիոն եվրո դրամաշնորհի փոխանցումը Հայաստանին

Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն եվրո հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։

 Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

Փոխանցման հաստատման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընտրված ոլորտային ուղղություններում առաջընթացի գնահատման դրական արդյունքները, մակրոտնտեսական կայունությունը, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկությունը։

«Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև հաջող համագործակցության արդյունք է և արտացոլում է համավարակի հետևանքներից վերականգնման և ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման Կառավարության հանձնառությունը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացմանը և, երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված հիմնական բարեփոխումների իրականացմանը»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

14.2 միլիոն եվրո հատկացումների փոխանցումը կաջակցի Հայաստանին իրականացնել արդարադատության ոլորտի բարեփոխումները և մեղմել քովիդ-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանը իրականացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ) համահունչ ստանձնած բարեփոխումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում