Հակոբ Սիմիդյանն Իրանում մանակցում է ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ միջազգային կոնֆերանսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
Այս մասին հայտնում են ՇՄ նախարարության էջում՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Ավազի և փոշու փոթորիկների վերաբերյալ երկօրյա միջազգային կոնֆերանսը բարձր մակարդակի հարթակ է, որի նպատակն է համախմբել երկրներին և շահագրգիռ գործընկերներին՝ քննարկելու ավազի փոշու փոթորիկների առաջացրած հիմնական մարտահրավերների լուծման միջոցներն ու ուղիները, գտնել հնարավոր լավագույն լուծումներն ու մեխանիզմները:
Համաժողովը նպատակ ունի մոբիլիզացնել մասնակից երկրների հանձնառությունը ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, միջտարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համակարգված գործողությունների համար՝ ռիսկերը նվազեցնելու և ավազի և փոշու փոթորիկների բացասական անդրսահմանային ազդեցությունների նկատմամբ կայունությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև համաձայնեցնել կոնկրետ ջանքերը և գործնական մոտեցումները՝ հիմնվելով համապատասխան փաստերի և համակարգված տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գործողությունների պլանների վրա:
Ավազի և փոշու փոթորիկները (SDS)՝ լրջորեն ազդում են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց առողջության, պարենային անվտանգության և ապրուստի վրա: Կլիմայի փոփոխության պատճառով արձանագրվել է փոթորիկների հաճախականության և աշխարհագրական բաշխման զգալի աճ և վերջին տասնամյակների ընթացքում արժանացել է համաշխարհային ավելի մեծ ուշադրության:
Դրանք նաև հստակ սպառնալիքներ են ներկայացնում տնտեսական, սոցիալական, առողջապահական և բնապահպանական հարթություններում կայուն զարգացման հասնելու համար։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են՝
Ավազի և փոշու փոթորիկների սոցիալ-տնտեսական ազդեցությունները,
Տարածաշրջանային և միջազգային համագործակցության արագացումը ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարում,
Ասիայում և Խաղաղ օվկիանոսում ավազի և փոշու փոթորիկների դեմ գործողությունների տարածաշրջանային ծրագրի իրականացում,
Տարածաշրջանային տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ և այլ հարցեր։
Կարծիքներ