ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը. Հայ դատի հանձնախումբ
ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ պետք է ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունն Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որը ներկայացվել է նոյեմբերի 16-ին կայանալիք տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների համար:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը` տարածաշրջանում առկա գոյութենաբանական սպառնալիքների պայմաններում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ պետք է առաջնահերթություն տա այդ երկրի հաշվետվողականությանը անցյալ և շարունակվող հանցագործությունների համար: Կովկասում ԱՄՆ-ի ներկայիս, խորապես թերի քաղաքականությունը ժողովրդավարական Հայաստանին դասախոսություններ է առաջարկում ժողովրդավարության մասին, ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ռազմական օգնություն է ուղարկում բռնատիրական Ադրբեջանին և բոլորովին օգնություն չի ցուցաբերում վտանգի տակ գտնվող Արցախին: Դա պետք է փոխվի», - նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում, որը ներկայացվել է կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանի կողմից:
Հայտարարությունն անդրադառնում է հանձնախմբի մի շարք առաջնահերթությունների, այդ թվում՝
Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումների ամբողջական կիրարկում,
Արցախին 50 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս ուղղակի մարդասիրական օգնության տրամադրում,
պաշտոնական հետաքննություն թուրքական անօդաչու թռչող սարքերի հետ կապված զենքի արտահանման խախտումների շուրջ,
Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն՝ ներառյալ արգելված զինամթերքի օգտագործումը, օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, մշակութային և կրոնական հուշարձանների պղծումները, ինչպես նաև՝ հայ ռազմագերիների անօրինական պահումը, նրանց նկատմամբ բռնությունը և նրանց սպանությունը և այլն:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումները տեղի կունենան չորեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին: Բանախոսների շարքում են ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը և ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:
Կարծիքներ