Ավազակային հարձակում Տաշիրում. ինքնաձիգներով զինված, դիմակներով մտել են տուն, կրակել են դեմքին, կոտրել ծնոտը

Ավազակային հարձակում Տաշիրում. ինքնաձիգներով զինված, դիմակներով մտել են տուն, կրակել են դեմքին, կոտրել ծնոտը

2021թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01։45-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։40-ին, «Դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 02։30-ին, վերջինիս մայրը ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, երկու դիմակավորված և զինված անձ մուտք են գործել իրենց տուն, հարցրել են որդու գտնվելու վայրի մասին և պահանջել գումար ու ոսկի: Ստանալով բացասական պատասխան՝ նրանցից մեկն ինքնաձիգի խզակոթով հարվածել է իր ճակատին, իսկ մյուսը բարձրացել է երկրորդ հարկ։ Քիչ անց, երբ որդին վերադարձել է, նրանցից մեկը տան բակում կրակել է որդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս մայրը հարցաքննվել է, առգրավվել են դեպքի պահին նրանց կրած հագուստները։

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում