Էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար․վարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել վերջին հինգ տարում դատական համակարգում, և ինչ քայլեր են ձեռնարկվել դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։
«5 տարի իրականացրած բարեփոխումներից հետո մենք տեսնում ենք ի վերջո ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, և այդ գործերը քննվում են նոր ձևավորված հակակոռուպցիոն դատարաններում: Ինչպես գիտեք, հեղափոխությունից հետո ձևավորել ենք 3 ատյանի հակակոռուպցիոն դատարաններ՝ դատավորների բարձր աշխատավարձով: Ընդ որում, հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մենք մոտենում ենք եվրոպական չափանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկման ժամանակ։
Նա ընդգծեց՝ էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:
«2018 թվականից ի վեր Հայաստանում դատավորի 60 նոր հաստիք է ավելացել, բազում այլ բարեփոխումներ են իրականացվել: Հիմա արդեն փոքր՝ մինչև 5 մլն դրամ գումարի բռնագանձման տեղական գործերով արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումն իրականացվելու է առանց դատարանին ծանրաբեռնելու: Ընդունվել է փաթեթ, որով դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում տվյալ դատավորը կքննի միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, որպեսզի թոթափվի մյուս դատավորների բեռը և չավարտված ու փոխանցված գործեր չլինեն, որոնք մեր օրենսդրությամբ սկսվում են զրոյից։
Վարչական, քաղաքացիական և սնանկության վարույթներում առավել շատ հնարավոր կլինի գործերը քննել գրավոր ընթացակարգով՝ արագ և արդյունավետ, առանց փոքր հարցերով նիստ վարելու: Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու գործառույթը տեխնիկական դեպքերում վերապահվելու է դատավորների օգնականներին, ինչի արդյունքում կարագանա փաստաթղթերի սխալների շտկումը և պատշաճ հայցերի հարուցումը: Նախատեսվում է դատարաններին ազատել ակնհայտ անհիմն հայցերից, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը թոթափել փոքր դրամական գործերից, դատական ծանուցումներն իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով, ամբողջությամբ թվայնացնել քաղաքացիական և վարչական դատավարությունը»,- ասաց վարչապետը, հավելելով, որ սրանք քայլեր են, որոնք դատարաններին թույլ կտան հնարավորինս քիչ ժամանակ ծախսել տեխնիկական և ակնհայտ ելքով աշխատանքի վրա և կենտրոնանալ արդարություն և արդարադատություն իրականացնելու գործի վրա:
Վարչապետի համոզմամբ՝ արդյունքը կլինի այն, որ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքն արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի։
«Այս զգացողությունն էական է մեր պետության, ՀՀ զարգացման շահերի տեսանկյունից»,- եզրափակեց վարչապետը։
Կարծիքներ