ԱՄՆ-ում «Դեբի» փոթորիկը 6 մարդու կյանք է խլել
ԱՄՆ-ի հարավային նահանգներում մոլեգնող «Դեբի» արևադարձային փոթորիկն առնվազն 6 մարդու կյանք է խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը։
«Հաստատվել է մահվան առնվազն վեց դեպք. հինգը` Ֆլորիդայի նահանգում, մեկը՝ Ջորջիայի նահանգում, այդ թվում՝ 13-ամյա երեխայի մահը Ֆլորիդայի Գեյնսվիլ քաղաքում», - նշվում է հրապարակման մեջ։
«Դեբի»-ն դեպի ԱՄՆ-ի արևելյան ափ շարժվելիս հարվածել է Հարավային Կարոլինա նահանգին։ Հարավային Կարոլինայում և Հյուսիսային Կարոլինայում, որտեղ փոթորիկը կմոլեգնի մինչև օգոստոսի 9-ը, սպասվում են հորդառատ անձրևներ և զգալի հեղեղումներ։
«Դեբի»-ն ԱՄՆ-ի ափ էր հասել որպես 1-ին դասի փոթորիկ, սակայն նրա ակտիվությունը փոքր-ինչ մեղմացել է, և այն այժմ դասակարգվում է որպես արևադարձային փոթորիկ՝ մինչև 80 կմ/ժամ քամու արագությամբ։
Ֆլորիդայի նահանգապետը փոթորկի պատճառով նահանգի 61 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։ Օհայոյում գրեթե 330 000 սպառող օգոստոսի 7-ին մնացել էր առանց էլեկտրականության։ Նյու Յորքում բարձրախոսով դրոնների միջոցով մարդկանց զգուշացրել են հնարավոր հեղեղումների մասին։
Կարծիքներ