ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում

Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Օլիմպիադան հունիսի 19-25-ն առցանց ձևաչափով անցկացվել է Երևանի պետական համալսարանում: Մրցույթը, որին մասնակցել են 88 երկրների 355 դպրոցականներ, կազմակերպել է Սինգապուրը:

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Արայի Խալաթյանն արժանացել են բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել է նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանը։

Թիմը ղեկավարել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը։ 

Հայաստանի թիմը ևս 2 մեդալի է արժանացել Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադայում, որն անցկացվում էր առաջին անգամ: Մրցույթը, որի կազմակերպիչն էր Շվեյցարիան, առցանց ձևաչափով կայացել է հունիսի 13-19-ը:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանն արժանացել է արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ամարաս Նազարեանսը՝ բրոնզե մեդալի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում