Հայաստանը կարևորում է գերմանական ընկերությունների հետ համագործակցությունը

Հայաստանը կարևորում է գերմանական ընկերությունների հետ համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է գերմանացի գործարար Կլաուս Պապենբուրգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլոթերը։

Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը կարևորում է գերմանական ընկերությունների հետ համագործակցությունը և բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում գերմանացի գործարարներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել տարածաշրջանում, այդ թվում՝ ՏՏ, վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում:

Հանդիպմանը ներկա էր նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը, որը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրները, կիրառվող տեխնիկան և նորարարական տեխնոլոգիաները, գրանցած հաջողությունները և հեռանկարների տեսլականը։

ՀՀ պատվավոր հյուպատոսը, բարձր գնահատելով հայկական կողմի պատրաստակամությունը հանդիպման կազմակերպման հարցում, ընդգծել է, որ Հայաստանի ներգրավումը որպես երկկողմ և հուսալի գործընկեր հանդիսանում է բիզնես պատվիրակության առանցքային հեռանկարը։

Կլաուս Պապենբուրգը ներկայացրել է «ԳՊ Պապենբուրգ» շինարարական ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և միջազգային համագործակցության փորձը Ղազախստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և եվրոպական մի շարք երկրներում։

 

Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ գերմանական ընկերությունների իրականացրած ճանապարհաշինական աշխատանքների որակը և կիրառված տեխնոլոգիաները, որոնք պահանջված են նաև Հայաստանում, մշտապես զբաղեցնում են որակապես բարձր դիրքեր միջազգային շուկայում։

 

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը առաջարկել է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցութային գործընթացներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում