Վրաստանի բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է 143 ոստիկան

Վրաստանի բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է 143 ոստիկան

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի տարածքում բողոքի ակցիա իրականացնող առանձին խմբերի բռնի գործողությունների հետևանքով վերջին օրերին վնասվածքներ են ստացել ՆԳՆ 143 աշխատակիցներ, հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ մինչ 2028-ի ավարտը ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները չեն լինելու օրակարգում։

Դարախվելիձեն հայտնել է, որ ամեն օր խորհրդարանի տարածքում հավաքվում են հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը վնասում է ենթակառուցվածքները, ոստիկանությանն ու հատուկջոկատայիններին քարերով և շշերով ու այլ առարկաներով հարվածում և ճայթուկներով «կրակում»։

Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ։

«Բռնի և ագրեսիվ գործողությունների հետևանքով ՆԳՆ 143 աշխատակիցներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ քրեական հանցագործության համար ձերբակալվել է 5 քաղաքացի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում