Ամերիկացիները կասկածում են իշխանություններին ՉԹՕ-ների մասին տեղեկություններ թաքցնելու մեջ
Ամերիկացիների շուրջ 70 տոկոսը կասկածում է, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ են թաքցնում չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) և չբացահայտված օդային երևույթների մասին: Այս մասին են վկայում Hill պարբերականի կողմից Հարիսի հետազոտական ծառայության հետ համատեղ անցկացրած հարցման տվյալները։
Հարցմանը մասնակցել է 942 մարդ: Ըստ հարցման, ամենաանվստահը 18-ից 34 տարեկան քաղաքացիներն են։ Հարցվածների 75 տոկոսը կարծում է, որ կառավարությունն ավելի շատ տեղեկատվություն ունի, քան ասում է: Երկրորդ տեղում 35-ից 49 տարեկան ամերիկացիներն են, նրանցից նման կարծիք է հայտել 64 տոկոսը:
Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզությունը ՉԹՕ-ների մասին վերջին կես դարի առաջին զեկույցում պատմել էր չճանաչված թռչող օբյեկտների մասին, որոնք սպառնում են երկրի ազգային անվտանգությանը: Փաստաթղթում նշվում է ենթադրյալ ՉԹՕ-ի դիտարկումների 144 դեպք, որոնք անբացատրելի են: Հատկապես նշվում է, որ որոշ օբյեկտներ շարժվել են աերոդինամիկայի հայտնի օրենքներին հակառակ:
Կարծիքներ