Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ հանձնաժողովների հարցով քննարկում չեն ունեցել
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցով քննարկում չեն ունեցել. իշխանությունից պնդում են, թե ընդդիմադիրները պատրաստ չեն քննարկման:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մեր գործընկերներն այս պահի դրությամբ պատրաստ չեն այդ քննարկմանը: Մենք միշտ բաց ենք քննարկման համար, ես բազմիցս դիմել եմ, որ այդ քննարկումը տեղի ունենա, բայց մեր գործընկերները պատրաստ չեն այդ քննարկմանը, ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում»,-ասաց Սիմոնյանը:
Եթե ընդդիմությունը որոշի իրեն հասանելիք հանձնաժողովների համար նախագահի թեկնածու չներկայացնել, ապա ԱԺ նախագահի խոսքով, դրանք մեխանիկորեն անցնում են իշխող խմբակցությանը: Կան հանձնաժողովներ, որոնք իշխանությունը գտնում է, որ պետք է անպայման լինեն իրենցը, ունեն որոշում:
Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքն ասել էր, թե ավելի ճիշտ կլինի, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրվի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, բայց ընդդիմադիր երկու խմբակցություններն իրենք են որոշել, որ պետք է առաջադրվի «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը:
ԱԺ փոխնախագահի ընտրությունից հետո խորհրդարանը պետք է անցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը:
Կարծիքներ