Էդուարդ Աղաջանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ
Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական անձնաժողովի անդամների հետ հանդիպել ենք Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:
Ողջունելով Բոգդան Կլիխին խորհրդարանում, նշել եմ, որ այս տարին խորհրդանշական է երկու երկրների համար. հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է:
Նշել եմ, որ այս տարիներին արձանագրվել է հարաբերությունների դինամիկ զարգացում:
Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նշելով, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան՝ նա գնահատել է նման բարձր մակարդակի երկխոսության հնարավորության ընձեռումը:
Հանգամանալից ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել մի շարք կարեւոր հումանիտար խնդիրների, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով:
Կարեւորել եմ օր առաջ ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման եւ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:
Նշել եմ, որ Հայաստանն ակնկալում է լեհ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող ջանքերին:
Բոգդան Կլիխը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Կարծիքներ