Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը տարի քննարկվելուց հետո ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից․ Բադասյան

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը տարի քննարկվելուց հետո ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից․ Բադասյան

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը և ավելի տարի քննարկվելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Սա ևս վկայություն է բարեփոխումներ իրականացնելու իրական քաղաքական կամքի մասին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: 

 

«Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։

 

Վարույթի ամրագրումը դարձնում ենք էլեկտրոնային․ ներդնում ենք նախաքննության թվայնացման ծրագիր։

 

Սահմանում ենք իրավունքի չարաշահման արգելք։ Ներկայումս մեր հանրությունը մեծ դժգոհությամբ հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննություն այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրավունքի չարաշահում են իրականացնում։ Սա կարգելվի․ նման դեպքերում կկիրառվի սանկցիա։

 

Ներդնում ենք պահեստային դատավորի գաղափարը։ Գիտենք, որ ծավալուն քրեական գործերի դեպքում, եթե դատավորը ինչ-ինչ պատճառներով փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է։ Այս նախագծով նման դեպքերի համար դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում։ Բուն դատավորի փոփոխության դեպքում նորը ստիպված չի լինի գործի քննությունը սկսել նորից։

 

Նախագծով նաև մի շարք սկզբունքային նորամուծություններ ենք անում․

 

Հնարավորինս ընդլայնում ենք խափանման միջոցների շրջանակը․ նախատեսում ենք խափանման միջոցի այնպիսի նոր տեսակներ, ինչպես, օրինակ, տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլն (էլեկտրոնային բրասլետների գնումն արդեն նախատեսված է)։

 

Ներդնում ենք համագործակցության վարույթի ինստիտուտը․ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք, որի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի մեղմ պատժատեսակ կամ ազատվել պատժից պայմանականորեն կամ, առհասարակ, ազատվել պատժի կրումից։

 

Ներդրվել է նաև հեռակա դատաքննության ինստիտուտը։ Քննությունից խուսափող անձանց մասով հնարավոր կլինի սկսել դատական քննության փուլը։

 

Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, իհարկե, Արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցներին:

 

Հատկապես խորին շնորհակալությունս աշխատանքային խմբի ղեկավար պարոն Հրայր Ղուկասյանին կատարված մեծածավալ աշխատանքի համար»,- գրել է Բադասյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում