Իրանը նշել է ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը
Անցյալ տարվա հունվարին Թեհրանի մերձակայքում Թեհրան-Կիև թռիչքը իրականացնող Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը թյուրիմացաբար ընդունել են որպես թշնամական թիրախ: Այս մասին ասված է դեպքի հետաքննության վերաբերյալ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության վերջնական զեկույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Օդանավը հակաօդային պաշտպանության ստորաբաժանման կողմից սխալմամբ ընկալվել է որպես թշնամական թիրախ, արձակվել է երկու հրթիռ»,- ասվում է փաստաթղթում:
Զեկույցի հեղինակները, մասնավորապես, նշում են, որ ո՛չ ինքնաթիռի տեխնիկական վիճակը, ո՛չ էլ դրա թռիչքի հետագիծը և բարձրությունը չէին կարող հակաօդային պաշտպանության ուժերի սխալի պատճառ դառնալ: Բացի այդ, փաստաթղթում ներկայացված են մի շարք առաջարկություններ ապագայում նման աղետները կանխելու համար:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանից թռիչքից անմիջապես հետո՝ 2020 թվականի հունվարի 8-ի վաղ առավոտյան: Մահացել է 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Աղետը զոհերի թվով ամենամեծն է դարձել ուկրաինական ավիացիայի ողջ պատմության ընթացքում:
Կարծիքներ