Բալին պատրաստ է բացվել զբոսաշրջիկների համար արդեն 2021 թվականի հուլիսից
Ինդոնեզիայում ակնկալում են, որ երկար դադարից հետո օտարերկրյա զբոսաշրջիկները կվերադառնան կղզիներ արդեն հուլիսին, հաղորդում է «Տուրպրոմ»-ը:
Ըստ երկրի զբոսաշրջության եւ կրեատիվ տնտեսության նախարարության մամուլի հաղորդագրության՝ այն կբացվի հյուրերի առջեւ 2021 թվականի հուլիսին:
«Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է 2021 թվականի հուլիսին սահմանները կրկին բացելու ծրագրերի մասին, ընդ որում՝ այնպիսի ուղղություններն, ինչպես Բալին, Բաթամն ու Բինթանը, կդառնան տարածաշրջանի «լոկոմոտիվները» ամբողջ երկրում զբոսաշրջության մեկնարկի համար: Օտարերկրյա հյուրերին ընդունելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում կառավարությունն իրականացրել է թիրախային խմբերին, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներին պատվաստելու լայնամասշտաբ ծրագիր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի հաղորդագրության մեջ չի ներկայացվել տեղեկատվություն, որ զբոսաշրջիկները ստիպված կլինեն պատվաստվել Ինդոնեզիայում հանգստանալու համար:
Ինչպես հայտնել է զբոսաշրջության մարքեթինգի գծով նախարարի տեղակալ Նիա Նիսկայան, կառավարությունը նաեւ նախաձեռնել է հանրապետության ամբողջ զբոսաշրջային ոլորտում մաքրության, առողջության, անվտանգության եւ բնապահպանական կայունության հավաստագրման ծրագիր:
Այս տարի Ինդոնեզիայում մեկնարկել է զանգվածային պարտադիր պատվաստման գործընթացը, որն ուղղված է նախ Բալիի զբոսաշրջության ոլորտին: Սակայն, World in Data-ի տվյալներով, միայն բնակչության վեց տոկոսն է ստացել պատվաստանյութի երկու չափաբաժինը:
Կարծիքներ