Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները
Մայիսի 6-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակություններին։
Այս մասին հայտնում են նախարարությունից։
Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Նա բարձր է գնահատել նաև Եվրոպական միության հետ գործընկերությունը՝ կարևորելով հատկապես Ֆրոնտեքսի հետ համագործակցության խորացումը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համատեքստում։
Փոխնախարարը նշել է, որ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը լավ օրինակ է միգրացիոն բնագավառում իրական փոփոխություններ բերելու և փորձի փոխանակման համար։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման մանրամասները՝ անդրադառնալով, մասնավորապես, Միգրացիայի և քաղաքացիական ծառայությունում աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Պատվիրակության անդամները ծանոթացել են ՆԳՆ միգրացիոն ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու օրենսդրությանը, ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերին, որոնք ուղղված են վերադարձի և հետընդունման գործընթացի արդյունավետ ապահովմանը:
Անդրադարձ է կատարվել նաև միգրացիոն հոսքերի կառավարման գործիքակազմերին և ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգին:
Եգիպտոսի պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում քաղաքացիների հետընդունման գործընթացի կազմակերպմանն ու մոտեցումներին։
Անդրադառնալով Եգիպտոսում միգրացիոն քաղաքականության իրականացմանը՝ պատվիրակության անդամները ներկայացրել են միգրացիոն միտումները։
Հանդիպմանը Եգիպտոսի գործընկերների հետ կարևորվել է վերադարձի և վերաինտեգրման ոլորտում փորձի փոխանակումը։ Հանդիպման մասնակիցները համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:
Կարծիքներ