Ինչ անել սուր շնչառական վարակի դեպքում. Առողջապահության նախարարությունը ջերմիջեցման ճիշտ կանոններ է հրապարակել
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին: Եթե երեխան վարակվել է, պետք է դիմել մանկաբույժին և հետևել ջերմիջեցման ճիշտ կանոններին:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։
Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։
Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը:
Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա:
Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։
Նախարարությունը հիշեցնում է, որ բալիկի առաջին օգնականն առողջության առաջնային պահպանման օղակի` պոլիկլինիկայի մանկաբույժն է, ուստի, եթե երեխան ունի ախտանշաններ, պետք է դիմել բժշկին:
Կարծիքներ