ԱԱԾ-ն հայտնում է ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին

ԱԱԾ-ն հայտնում է ՃՈ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետ Ա. Շ.-ն Ս. Թ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ առանց գործնական քննություն կազմակերպելու և անցկացնելու, «E» կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ա. Ս.-ի օժանդակությամբ վերջինիցս ստացել է զգալի չափի՝ 75.000 ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց նույն բաժանմունքի տեսուչ Ա. Մ.-ին ցուցում է տվել, որպեսզի վերջինս առանց գործնական քննություն անցկացնելու՝ ակնհայտ կեղծ գրառում կատարի այն մասին, որ Ս. Թ.-ն մասնակցել է տվյալ քննությանը և ստացել է դրական գնահատական: Ա. Մ.-ն այնուհետև, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց ՀՀ կառավարության 26.03.2020թ-ի թիվ 385-Ն որոշման պահանջերի պահպանման և առանց գործնական քննություն անցկացնելու, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գործնական քննության թերթիկում կատարել է ակնհայտ կեղծ գրառում, որը հաստատել է իր ստորագրությամբ, ապա ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական էլեկտրոնային բազա է ներբեռնել կեղծ տեղեկատվությամբ վերը նշված գործնական քննության թերթիկի տվյալները, որի արդյունքում էլ Ս. Թ.-ին տրամադրվել է «E» կարգի վարորդական իրավունքի վկայական:           

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ են բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի տեսուչը, ինչպես նաև ևս երկու անձինք, ովքեր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում