Ադրբեջանի հանցանքները պետք է հստակ գնահատականի արժանանան. Ժնևում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը

Ադրբեջանի հանցանքները պետք է հստակ գնահատականի արժանանան. Ժնևում հանդիպել են Միրզոյանն ու Բայրամովը

Ժնևում երեկ ուշ երեկոյան հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

ՌԻԱ Նովոստին էլ հայտնում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, այլ ոչ թե նոյեմբերին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում