Կարևոր է միջազգային գործընկերների ներկայությունը. Առաքելյանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու մասին
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերվող ցանկացած պայմանավորվածություն պետք է իրականացվի փոխադարձ սկզբունքի հիման վրա: Մասնավորապես, ըստ նրա, եթե Հայաստանը պատրաստվում է ինչ-որ բան տրամադրել ադրբեջանական կողմին, ապա դրա դիմաց կարող է պահանջել մեկ այլ բան:
Այսպես է Առաքելյանը մեկնաբանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի երեկվա ասուլիսում հնչեցրած այն հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառուցողական մոտեցումների և վստահության ամրապնդման քայլերի դեպքում չի բացառվում, որ Հայաստանը ականապատ դաշտերի հերթական քարտեզը փոխանցի Ադրբեջանին։
Քաղաքագետը կարևոր է համարում այն, որ այդ գործընթացը իրականացվելու է միջազգային գործընկերների միջոցով. «Կարծում եմ՝ սա կկանխի այն, որ Ադրբեջանը քարտեզները վերցնելուց հետո հրաժարվի Հայաստանին դրա դիմաց որևէ բան տրամադրել»:
Վերջինս ողջունելի է համարում, որ հայկական կողմը շարունակում է խոսել խաղաղության տրամաբանության շրջանակներում: «Ճիշտ է, շատ բաներ գուցե նկատվում են իբր թույլության նշան կամ միակողմանի զիջում, սակայն, միևնույն է, ակնհայտ է, որ Հայաստանը այս քայլին գնում է բանակցային վերջին թելը չկտրելու և ռազմական գործողությունների սկսելը կանխելու համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա։
Անդրադառնալով Միրզոյանի այն դիտարկմանը, որ ռազմական էսկալացիայի վտանգ կա նաև այս պահին՝ հաշվի առնելով Ալիևի վերջին հարցազրույցում արած հայտարարությունները՝ զրուցակիցը նկատում է. «Ռազմական էսկալացիայի համար մեր երկրում արդեն իսկ զսպող գործոն է ԵՄ դիտորդական առաքելությունը, կան նաև այլ գործոններ, օրինակ՝ արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։ Մասնավորապես՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ դիվանագիտական ակտիվ բանակցություններ են, որի արդյունքում տեսնում ենք գործուն քայլեր։ Բոլոր կողմերից այժմ դիվանագիտական ազդակներ են գալիս թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին։ Ադրբեջանի համար լուրջ հետևանքներ կլինեն, իսկ Հայաստանը կլինի պաշտպանված»։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հետ կապված՝ ադրբեջանական կողմի անհամաձայնություններին, Առաքելյանը կարծում է, որ այս հարցում Ադրբեջանը միայնակ չէ. այդ երկրի խոսույթը համընկնում է Թուրքիայի և Ռուսաստանի կարծիքների հետ:
«Ադրբեջանը սինխրոն աշխատում է իր գործընկերների հետ, բայց կա միջազգային կոնսեսուս՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հետ։ Ադրբեջանը չի կարող այլևս երկարաձգել միջազգային դերակատարների մոտ նախկինում ընթացող բանակցությունների ժամանակ տված խոստումները, որոնք մինչ այսօր չի կատարել։ Արևմուտքից այդ հարցերի վերաբերյալ ճնշումներ լինելու են, և նրանք չեն սիրում երկար սպասել»,- նկատում է նա:
Կարծիքներ