ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը:
«Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի ընկերներ,
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Պերուի կառավարությանը նախարարական 4-րդ հանդիպումն անցկացնելու համար։
Ցանկանում եմ նաև ողջունել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին նոր անդամի կարգավիճակով։
Մեզ այսօր միավորում է այստեղ գտնվող յուրաքանչյուր ժողովրդի դարավոր պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը։ Այս ֆորումը դարձել է մի յուրօրինակ հարթակ՝ արժևորելու անցած հազարամյակների ընթացքում մեր քաղաքակրթությունների կուտակած պատմություններն ու արժեքները։
Հայաստանը, հանդիսանալով դարավոր ավանդույթների և քաղաքակրթական ժառանգության բնօրրան, բարձր է գնահատում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարևոր դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ անդամ պետությունների միջև և անդին: Ահագնալից և մարտահրավերներով լի այս տարին, որին մենք առերեսվեցինք, ապացուցեց, որ կառուցողական երկխոսությունն ու միասնական ջանքերն առավել քան կարևոր են: Այն մեզ հիշեցրեց նաև, որ հնագույն քաղաքակրթությունների ժառանգության ու իմաստության խորհուրդը շարունակում է լինել կենսունակ և պահանջված այս գլոբալացված աշխարհում։ Այսպիսով, այսօր մենք հնարավորություն ունենք դասեր քաղելու և ներշնչվելու մեր ժառանգությունից և միասին շարժվելու առաջ:
Հնագույն քաղաքակրթությունների այս ֆորումը մեզ հնարավորություն է ընձեռում առաջնահերթություն տալ մշակութային բազմազանության և խաղաղության առաջմղմանը։ Այն մեզ հնարավորություն է ընձեռնում վերահաստատելու մեր հանձնառությունը հանդուրժողականության և բազմազանության նպատակներին՝ որպես խաղաղության մշակույթի խթանման նախապայմանների:
Մեծարգո գործընկերներ,
Նման կարևոր հարթակի շրջանակներում մենք չենք կարող աչք փակել մեր տարածաշրջանում տեղի ունեցող տագնապալի իրադարձությունների վրա:
Մինչ միջազգային հանրությունը կենտրոնացած էր COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի հասցեագրման և հետևանքների հաղթահարման վրա, Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին սանձազերծեց նախապես ծրագրած լայնամասշտաբ ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ։ Այս պատերազմում Ադրբեջանին անմիջական աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան, որն Ադրբեջան էր տեղափոխել օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների՝ Արցախի ժողովրդի դեմ մարտերում ներգրավելու նպատակով։
Այս ագրեսիայի հետևանքով հայկական մշակութային ժառանգության հազարավոր կոթողներ հայտնվեցին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախն ունի չափազանց հարուստ մշակութային և կրոնական ժառանգություն, մի քանի հազար հուշարձաններ, որոնք տարածաշրջանում հայերի ունեցած երկարատև պատմության իրեղեն ապացույցն են։ 4-րդ դարի վաղ քրիստոնեական եկեղեցիները և հնագիտական վայրերն իրապես ճարտարապետական կոթողներ են՝ հնագույն արձանագրություններով, որմնանկարներով և քանդակներով, որոնք Հայաստանի պատմության և համաշխարհային մշակութային ժառանգության մեջ ունեցած մեծագույն ներդրումի անբաժան մասն են կազմում:
Հայաստանը բազում պատճառներ ունի հավատալու, որ Ադրբեջանը թիրախավորելու է այս հողի հետ մեր հազարամյա բնիկ կապի մասին վկայությունները՝ միտումնավոր ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու մշակութային վայրերը: Այս սպառնալիքը լավագույնս փաստագրված է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման բազմաթիվ նախադեպերը: Պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ տարբերությամբ երկու անգամ հռթիռակոծել են Շուշի քաղաքի պատմական և կրոնական խորհրդանիշը հանդիսացող 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը: Ճշգրիտ հարվածներ հասցնող անօդաչու թռչող սարքերի կիրառումը հաստատում են հարձակման դիտավորյալ բնույթը: Նույն տաճարը և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ) ենթարկվել են վանդալիզմի և մասնակի ոչնչացման հրադադարի հաստատումից ընդամենը մի քանի օր անց, ինչը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և սպառնալիքի վառ օրինակ է։
Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը պատասխանատու է եղել նաև մշակութային ճառանգության համակարգված ոչնչացման համար: Թերևս ամենատխրահռչակ արարքը Նախիջևանի Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան մի քանի հազար փորագրված հսկայական խաչքարերի և գերեզմանաքարերի ոչնչացումն էր, որոնք հողին են հավասարեցվել ադրբեջանական բանակի կողմից՝ խաղաղ ժամանակաշրջանում և հակամարտության գոտուց հեռու: 15 տարի առաջ այս ամսվա ընթացքում ավարտին է հասցվել միջնադարյան 89 եկեղեցիների, 5840 նախշազարդ խաչքարերի և 22,000 պատմական տապանաքարերի ոչնչացումը: Կան բավարար ապացույցներ, այդ թվում լուսանկարների և տեսանյութերի տեսքով, որոնք փաստում են այս բարբարոսական արարքը:
Մշակութային ժառանգության օբյեկտների թիրախավորումը, հատկապես պատերազմական իրավիճակներում, խստիվ արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայով և վերջինիս երկու արձանագրություններով: Հայաստանը ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Արցախ տեխնիկական աջակցման առաքելություն ուղարկելու մասին որոշումը:
Մենք գիտակցում ենք մշակութային ժառանգության արժեքը՝ համարելով, որ որևիցե նմուշի կորուստը հանգեցնում է աշխարհի բոլոր ազգերի ժառանգության վնասարար աղքատացման, և ոչ միայն այն ազգի է, որին պատկանում է մշակութային տվյալ արժեքը: Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության վայրերի նմանօրինակ չարամիտ դիտավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար, և դա պետք է խստորեն դատապարտվի:
Հարգելի գործընկերներ,
Այսօր շատ կարևոր է խաղաղության մշակույթի առաջմղումը` դիմակայելու համար աճող ագրեսիային և բռնությանը, որին ականատես ենք լինում ամբողջ աշխարհում: Խաղաղության մշակույթը կարող է խարսխված լինել միայն միջազգային ամուր համագործակցության վրա, և, այս առումով, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է, քանի որ այն միավորում է հնավուրց մշակութային արժեքներ կրող ու հսկայական նյութական և ոչ նյութական ժառանգություն ունեցող երկրների։
Խաղաղության մշակույթն անփոխարինելի է նաև կայուն զարգացման համար: Մշակույթն ունի վերափոխիչ ուժ, քանի որ այն մարդկային զարգացման կարևոր բաղադրիչ է, ինքնության, նորարարության և ստեղծարարության աղբյուր բոլորի համար։ Զարգացմանն մշակութահեն մոտեցումն առանցքային նշանակություն ունի 2030թ. Կայուն զարգացման օրակարգի իրականացման, և, մասնավորապես, ներկայիս կորոնավիրուսային համավարակի առաջացրած ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար:
Ավելին, դրական լուրերի շարքից, մենք ներկայումս ականատես ենք լինում միջազգային խաղաղության պահպանման և տնտեսական աճի խթանման գործում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորության ճանաչման հանդեպ միջազգային աննախադեպ ուշադրությանը: Այս փորձերը պետք է ամրապնդվեն և փոխլրացվեն:
Այս համատեքստում մենք առաջարկում ենք ստեղծել մշակութային կառույցների ցանց՝ բաղկացած թանգարաններից, պատմամշակութային արգելոցներից, ինչպես նաև զբոսաշրջային կազմակերպություններից, ինչը թույլ կտա մեզ ավելի կարևորել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը և այդպիսով նպաստել կայուն զբոսաշրջություն զարգացմանը և տնտեսության վերականգնման խթանմանը: Ֆորումի մասնակից պետությունների միջև սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր մշտական ներկայացուցիչների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և հնարավոր համատեղ նախաձեռնությունները նույնպես կարող են ծառայել այդ նպատակին:
Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ այս գլոբալ ջանքերում՝ առաջնահերթություն տալով մշակութային ժառանգության պաշտպանությանը, մարդասիրական վարքագծի խթանմանը և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի ձևավորմանը։ Այս ջանքերը պետք է զուգակցվեն անդամ երկրների մշակութային արդյունաբերության աճի խթանմանն ուղղված միջոցառումների հետ, ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպիսին է, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Եզրափակելով խոսքս՝ մենք ողջունում ենք այս հանդիպման արդյունքում Նախարարների եզրափակիչ հռչակագրի ընդունումը, որը նոր խթան կհաղորդի մեր հետագա համատեղ նախաձեռնություններին և կզարգացնի այս ձևաչափում մեր արդյունավետ համագործակցությունը:
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Ֆորումի գաղափարներին ու սկզբունքներին և շարունակելու է ակտիվորեն ներգրավվել այդ ուղղությամբ տարվող բոլոր համատեղ ջանքերում»,- ասված է նախարարի ելույթում։
Կարծիքներ