Կուբանում մազութից տուժած ավելի քան 2,5 հազար թռչուն են փրկել

Կուբանում մազութից տուժած ավելի քան 2,5 հազար թռչուն են փրկել

Անասնաբույժներն ու կամավորները Անապայում և Տեմրյուկի շրջանում ավելի քան 2,5 հազար թռչուն են փրկել, որոնք տուժել են լցանավի վթարից հետո ծովի մակերևույթին տարածված մազութից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Կուբանի օպերատիվ շտաբը հաղորդել է Telegram ալիքում։

«Փրկարարներն ու կամավորները ավելի քան 2,5 հազար փետրավոր են փրկել Անապայում և Տեմրյուկի շրջանում, 1622 թռչնի տեղափոխել են կենդանիների վերականգնողական կենտրոններ: Այն փետրավորները, որոնց առողջական վիճակն, ըստ մասնագետների, վտանգ չի ներկայացնում, սկսել են բնական միջավայր բաց թողնել Կրասնոդարում և Զապորոժիեի-Թամանի արգելոցի տարածքում»,-ասվում է հրապարակման մեջ։

Դեկտեմբերի տասնհինգին Կերչի նեղուցի շրջանում փոթորիկի պատճառով վթարի է ենթարկվել երկու լցանավ՝ «Վոլգոնեֆտ-212»-ը՝ անձնակազմի 13 անդամով և «Վոլգոնեֆտ-239»-ը, որում գտնվել է 14 նավաստի: Լցանավերից մարդկանց տարհանել են, զոհվել է «Վոլգոնեֆտ-212»-ի հերթափոխի նավաստին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և ծովային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու փաստով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում