Ռուս-ուկրաինական հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի մոտակա շաբաթների ընթացքում և կոչ է անում մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Նա այս մասին ասել է այսօր RTL ռադիոկայանի եթերում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Այս հակամարտությունը, ցավոք, շուտով չի ավարտվի: Կարծում եմ, որ մենք Դոնբասում առաջիկա օրերին և շաբաթներին կտեսնենք շատ բարդ իրավիճակ: Այդ պատճառով մենք Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի հետ անում ենք ամեն ինչ՝ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում մարդասիրական գործողություններ կազմակերպելու համար»,- ընդգծել է Մակրոնը։
Նրա կարծիքով՝ «առաջիկա շաբաթներին Ռուսաստանից պետք չէ սպասել դիվանագիտական զիջումներ»:
«Դա տեղի չի ունենա մինչև մայիսի կեսերը»,- ասել է Մակրոնը՝ ներկաներին հիշեցնելով, որ Ռուսաստանը մայիսի 9-ը նշում է որպես Հաղթանակի օր։
Ֆրանսիայի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռազմական գործողությունների յուրաքանչյուր նոր օր «վաղվա օրն ավելի է բարդացնում»:
«Եվրոպայում խաղաղություն չի լինի, եթե չմտածես վաղվա օրվա մասին»,- նկատել է նա։
Կարծիքներ