Չիլին երեք տարեկանից սկսած երեխաներին թույլատրել է պատվաստվել Sinovac պատվաստանյութով
Չիլիի հանրային առողջության ինստիտուտը թույլտվություն է տվել չինական Sinovac արտադրողի CoronaVac կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը երեք տարեկանից երեխաներին պատվաստելու համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս հինգշաբթի ՀԱԻ-ն թույլատրեց օգտագործել CoronaVac-ը երեք տարեկանից երեխաներին պատվաստելու համար, ինչը կընդլայնի պատվաստումների արշավը եւս մոտ 600.000 անչափահասով»,- հայտնել է գերատեսչությունը: Ավելի վաղ Չիլիում թույլատրվել էր չինական պատվաստանյութով երեխաներին պատվաստել վեց տարեկանից։
Ըստ ՀԱԻ-ի, որոշումը կայացվել է Sinovac-ի կատարած հետազոտության արդյունքների հիման վրա։ Ինստիտուտը նաև նշել է, որ CoronaVac-ի կլինիկական փորձարկումները Չիլիում ցույց են տվել, որ երեխաների մոտ պատվաստման դեպքում ավելի շատ հակամարմիններ են արտադրվում, քան մեծահասակների մոտ, ընդ որում, ավելի քիչ բարդություններ են նկատվում:
Մինչ օրս Չիլիում ամբողջությամբ պատվաստվել է ավելի քան 13.8 միլիոն մարդ։ Երկրում ապրում է ընդհանուր 18.95 մլն մարդ։ Հանրապետությունում բնակչության իմունիզացման համար, Sinovac պատվաստանյութից բացի, օգտագործում են ամերիկյան Pfizer, բրիտանա-շվեդական AstraZeneca եւ չինական Cansino ընկերության դեղամիջոցները։
Կարծիքներ