Որոտան-Դավիթ Բեկ հատվածում տեղաշարժի անվտանգության ապահովման համար կգործի ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հեռախոսահամար
Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
«Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը:
Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Կարծիքներ