ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադվող ռազմական օգնությունը:
Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից պահանջվում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Անհրաժեշտ է համարվում ուսումնասիրել և պարզել, թե արդյոք արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական հարվածային անօդաչուները կիրառել են ամերիկյան տեխնոլոգիաներ:
Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը «Գորշ գայլերի» շարժումը ներառել էր ահաբեկչական խմբերի ցանկում: Իսկ Ֆրանսիայում 2020-ի նոյեմբերի 4-ից պաշտոնապես արգելվել է «Գորշ գայլերի» գործունեությունը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հրապարակել էր այդ կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը: Նախագահ Մակրոնի ստորագրած հրամանագրում, նշվում էր, որ «Գորշ գայլերը» սերմանում են խտրականություն և ատելություն ու մասնակցում բռնի գործողությունների։
Կարծիքներ